Արցախյան աշունը

Աղբյուր՝ Աննա Ավագիմյանի բլոգից


(ճամփորդական մտորումներ)

Նորից, էլի, միշտ դեպի իմ ծննդավայր, իմ սիրելի Արցախ

Ճանապարհը, անցնելով Աղավնոյի կամրջով, մխրճվում է անտառի մեջ և օձագալար ոլորաններով բարձրանում վեր: 

Ճանապարհի աջ ու ձախ կողմերում վեր են խոյանում դարավոր կաղնիներն ու հաճարենիները, բոխիներն ու թխկիները և ինձ համար անծանոթ ծառեր: Սառը քամուց օրորվում են ծառերի մերկացող ճյուղերը, իսկ դեղնած, բայց դեռևս չթոռոմած տերևները դժկամությամբ պոկվում են ճյուղերից, շորորալով թափվում գետնին: Տեղ-տեղ խոտերի ու տերևների արանքում երևում են ուշացած, աշնանային, կապուտաչյա ծաղիկները:

Այս աշնանը արցախյան անտառը ավելի քան երբևէ տխուր է ու թախծկալի: Քամին հեռվից օտարի շունչն է բերում, հաճախ նաև` կրակոցների ու պայթյունների ձայներ և վառոդի խեղդուկ ծուխ:

Անտառի տխրությունը աստիճանաբար փոխանցվում է մեզ ՝վերածվելով տագնապի, բայց ոչ թե մեր կյանքին սպառնացող հնարավոր վտանգի համար , այլ շուտով այս ճանապարհով ևս երթևեկելու հնարավորությունից զրկվելու համար, ինչպես զրկվեցինք հարյուրավոր ճանապարհներից ու ճամփամերձ գյուղերից, քաղաքներից և հող հայրենին շենացնող ու պաշտպանող հազարավոր հայ քաջորդիներից։

Այս մտքերով տարված՝ չնկատեցի, թե ինչպես հասանք Լիսագոր, որտեղից մի այլ, բայց ոչ պակաս գեղեցիկ տեսարան էր բացվում մեր աչքերի առջև։ Այստեղ անտառն աստիճանաբար նոսրանում էր, բայգ ծառերի մեջ գերակշռող մշտադալար եղևնիներն ու սոճիները մի նոր հմայք են հաղորդում նրան։ Ճանապարհի ձախակողմյան բլրալանջի դեղնած խոտերն ու չորացած ծաղիկների ցողունները տխրորեն օրորվում ու շրշում էին քամուց, երբեմն էլ խշրտոցով կոտրվում ու փռվում սառը գետնին։

Մի տեսակ տխուր, հուսահատ էր հոսող առվակի կարկաչը, որը տխրում էր իր ծաղկուն ափերի կարոտից և սրտի դողով սպասում էր, որ մոտալուտ ձմռան սառնամանիքները իրենց բիրտ կապանքներով կկաշկանդեն իրեն։

Ինչպես միշտ, թեև տխուր, բայց անչափ գեղեցիկ է արցախյան աշունը։ Տխուր, բայց ոչ վհատված ու հուսահատված։ Չէ՞ որ որքան էլ երկար ու ցրտաշունչ լինեն աշունն ու ձմեռը, դրանց ճաջորդելու է գարունը, և հյուսիսի կողմից կայծկլտացող հույսի ու լույսի շողերը շուտով նոր թափով կբոցկլտան ու կջերմացնեն մեր երկիրը, իսկ գարնանային անձրևներից կհորդանան առվակներն ու գետերը , որոնք ուրախ կարկաչով կքշեն ու կտանեն դեպի Կասպից ծովը ՝ օտարի գաղջ շունչն ու ապականող հոտը։ Հայ մարդն իրեն նորից կզգա Հայաստան և Արցախ աշխարհների լիիրավ տերը , իսկ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած քաջերի սերունդներն էլ ավելի կշենացնեն ու կհզորացնեն հող հայրենին։

Ամեն անգամ անչափ կարոտած եմ գնում Արցախ ու դժվարությամբ բաժանվում ու ետ գալիս։ Ամեն անգամ սիրո, կարոտի զգացումով եմ հրաժեշտ տալիս, ու շշուկով սիրո խոսքեր եմ շշնջում իմ չքնաղ ու անկրկնելի ծննդավայրին․

-Դիմացի՛ր, իմ սիրելի, համբերի՛ր, հո՛ղ իմ հայրենի, դեռ կգա ժամանակը, ու նոր գույներով կներկվեն գարուններդ, նոր երգեր կերգեն զրնգան ջրերդ․․․ Միայ թե դիմացի՛ր, համբերի՛ր մի քիչ, լա՞վ․․․․

Оставьте комментарий