Ելենա Դոլգոպյատ «Սուրճը». Երկրորդ բաժակը

Երկրորդ բաժակը

Ուշ երեկո էր, և տուն գնալու ժամանակն էր, բայց հեռանալ չէին ուզում: Երեխեքը նստած էին Վիկայի սենյակում: Պատմություններն ավարտվում էին, բոլորը լուռ էին: Այդ ժամանակ Վանյան խոսեց իր կամաց և ուղիղ ձայնով.

– Մանուկ ժամանակ մի բաժակ սուրճից ամնեզիա ունեի:

Այս մասին նա երբեք ոչ մեկին չէր պատմել: Մասամբ այն պատճառով, որ ինքն էլ արդեն այնքան չէր հավատում, որ դա եղել էր իրականում և ոչ երազում:

– Մոտ մեկ օր անջատվել էի: Այն իմաստով, որ հիշողությունս էր անջատվել: Բավականին վախենալու է: Այդ ժամանակվանից ես սուրճ չեմ խմում:

– Այդ դեպքում ինչո՞ւ ես այդքան վստահ, որ քո ամնեզիայի պատճառը սուրճն էր, ոչ թե ինչ-որ այլ բան, – հարցրեց խոհեմ Միշան:
Նա ուշադիր և անվստահորեն նայում էր Վանյային:

– Ես խմեցի սուրճն ու մոռացա ինձ:

– Զուգադիպություն: Գործոնը կարող է ուրիշ լինել:

– Ի՞նչ:

– Չգիտեմ:

– Դու, Միշա՛, ամեն ինչ գիտես, – ժպտաց Վիկան, ոչ թե ինքն իրեն ժպտաց, ինչպես սովորաբար է ժպտում, այլ հենց Միշային:
Նա առարկեց.

– Ես ուղղակի դատում եմ:

Տարօրինակ է, բայց նման դատողությունը Վանյայի մտքով չէր անցել: Իսկապես, ինչո՞ւ հենց սուրճ:

Հաջորդ օրը՝ դպրոցից վերադարձի ճանապարհին, նա մտավ «Սուրճ-պաղպաղակ» սրճարան և պատվիրեց մի բաժակ սուրճ: Փոքր: Տասնչորս կոպեկ: Եփելու սարքը նոր ու փայլուն էր, ասես արտասահմանյան ֆիլմից լիներ: Հատիկները աղմուկով աղավում էին թափանցիկ կոնի մեջ: Բայց գրեթե բոլոր բաժակները հին էին, ճաքերով: Բուֆետապանուհին երկու կտոր սպիտակ շաքարավազ դրեց ամանի եզրին: Վանյային հարցրեց՝ արդյո՞ք նա թխվածք կամ պաղպաղակ կցանկանա: Ասաց, որ պաղպաղակով սուրճը շատ համեղ է, այն հալվում է տաք սուրճի մեջ և փրփրում է: Դա կոչվում է սուրճ-գլյասե: Վանյան վերցրեց «ընկույզ» թխվածքը քսաներկու կոպեկով, նա սիրում էր այդ կրեմով եփովի թխվածքը: Նստեց անկյունում դրված սեղանի մոտ:

Առաստաղի լույսերը մարած էին, իսկ կանաչավուն ստորջրյա լույսն ընկնում էր մեծ պատուհաններից ներս: Պատուհանների մոտ թանձր յասամաններ էին աճում, ու ինչքան էլ օրը լուսավոր լիներ, սրճարանում միշտ մութ ու զով էր մնում: Բացի Վանյայից սրճարանում նստած էին մի տղամարդ և մի կին, որոնք պաղպաղակ էին ուտում մետաղյա ամանների մեջ և խմում շամպայն: Վանյան մի կտոր շաքար գցեց բաժակի մեջ, խառնեց և վճռականորեն կուլ տվեց սև հեղուկը: Նա չհասցրեց հասկանալ, արդյոք ծանոթ էր դրա համը: Նա մոռացավ իրեն: Անունը, դեմքը, ամբողջ կյանքը անէության մատնվեց, կարծես երբեք էլ չէր եղել:

Նա վախենում էր հետ նայել: Նա հասկանում էր, որ մեջքի հետևում անկյուն ու խուլ պատեր են, իսկ գուցե՞ դուռ է այդ անկյունում: Այն բաց է: Ինչ-որ մեկը կանգնած է շեմին և նայում է: Նա թիակներով զգում էր դռնից եկող զովը և լավ պատկերացում էր այն մարդուն, ով նայում է իր մեջքին: Վատ սափրված, սպիտակամորթ, հանդուգն բաց աչքերով, աշխատանքային կեղտոտ խալաթով: Ինչ-որ տեղից այդ մարդը հայտնվեց իր մտքում, դուրս լողաց:

Տղան նստած էր մութ անկյունում: Տղամարդն ու կինը պաղպաղակ էին ուտում բարձր պատուհանին մոտիկ սեղանի մոտ: Ակվարիումի կանաչավուն լույսը ներթափանցում էր պատուհանից: Թե ինչ կար պատուհաններից դուրս, տղան չէր պատկերացնում: Կատարյալ անհայտություն: Եվ թե ինչու է նա նստած այս զով քարե սրահում՝ նա չգիտեր: Եվ ի՞նչ դառը համ է նրա բերանում: Եվ ինչո՞ւ է բուֆետի հետևում գտնվող կինը նայում նրան:

Տղան ետ նայեց: Մութ անկյուն, խուլ պատեր, ոչ մի դուռ, ոչ ոք չի նայում մեջքին: Թվաց, որ նա թակարդն է ընկել, քշվել այդ անկյունը: Հեռավոր սեղանի մոտ տղամարդն ասաց.

– Խոստանում են:

Կինը նրան ինչ-որ բան պատասխանեց, տղան չլսեց՝ ինչ:

Ամանի վրա թխվածք էր դրված: Նա զգույշ մատներով վերցրեց ու կծեց: Ներսում կրեմ էր՝ սառը և քաղցր, ընկույզով: Համը տղան չէր հիշում: Աթոռի կողքը հատակին նկատեց մի պայուսակ: Վերցրեց և դրեց ծնկներին: Պայուսակը բաց էր, ճարմանդը՝ կոտրված: Ներսում նա գտավ բանալիներ, պղնձե հինգկոպեկանոց, ծխախոտ և կանաչ պլաստիկից պատրաստված կրակայրիչ, օրագիր, մաթեմատիկայի դասագիրք և ռուսաց լեզվի բարակ, ծեծված տետր:

8-րդ «դ» դասարանի աշակերտ Իվան Մատվեևի օրագիր:

Տղան կարդաց առարկաների անունները, գնահատականները, դիտողությունը՝ «Խոսում էր դասի ժամանակ»: Այդ ամենը նրան չէր վերաբերում, դա կապ չուներ նրա հետ, չէր արթնացնում հիշողություններ, արձագանք: Նա բացեց դասագիրքը, թերթեց մի քանի էջ, կարդաց ապացույցը: Եվ այն նրան ծանոթ թվաց: Այնպես չէ, որ հասկանալի էր,  բայց ծանոթ: Գրեթե հարազատ օտար, անհայտ աշխարհում: Այնքան անհայտ, որ չէր ուզում դուրս գալ մութ անկյունից: Հանկարծ սրճարանի դռնից դուրս կհայտնվի մի սև տիեզերական դատարկություն, դու կընկնես դրա մեջ և կթռչես դեպի հավերժություն: Տղան նորից կարդաց ապացույցը, ապացույցի բացատրությունը, տերմինը պարզաբանելու համար մի գլուխ հետ գնաց: Նա շարժվում էր ծանոթ տեղանքով, ոտքերի տակ ամուր հատակ էր զգացվում, չէր ցանկանում բաժանվել դրանից և նա սկսեց խնդիրներ լուծել: Մտքում չէր ստացվում, և նա հանեց գրիչն ու ռուսերենի տետրը, դատարկ էջ գտավ: Լուծումը նրա մոտ չէր ստացվում, բայց նա չէր հանձնվում: Այս աշխատանքը շեղում էր նրան:

Երբ նա գլուխը բարձրացրեց տետրից, տեսավ, որ սրճարանում լույսը վառեցին, և մարդիկ շատացան: Մի խումբ երիտասարդներ նստած էին շամպայնով: Բուֆետի մոտ մարդիկ էին հավաքված, սուրճի մեքենան շչում էր: Բարձր պատուհանների հետևում սև էր, ինչպես իր պատկերացրած տիեզերքում: Նա պատկերացնում էր տիեզերքը, հասկանում էր, թե ինչ է ներքնաձիգը, և ոչինչ չէր կարող ասել իր մասին, ոչինչ չգիտեր իր մասին: «Ինչո՞ւ եմ ես այստեղ», – խոր տխրությամբ մտածեց նա: Նա մոտեցրեց դասագիրքը, բացեց նոր գլուխ: Շեղվեց:

Նա զգաց, որ մենակ չէ սեղանի շուրջ, դասագրքից աչքերը կտրեց: Բուֆետապանուհին նստեց նրա դիմաց և անհանգիստ նայեց նրան:

– Ուշ է, – ասաց:

Տղան նայեց շուրջը: Դահլիճը դատարկ էր: Կեղտոտ բաժակները, պաղպաղակի ամանները, շամպայնի գավաթներն ու շշերը տխուր դրված էին սեղանների վրա: Ծխախոտի մնացորդը ծխանում էր պատուհանի մոտ դրված սեղանի մոխրամանում, իսկ կապտավուն ծուխը բարձրանում էր մինչև առաստաղ: Դրսում գիշեր էր: Բուֆետի վերևի ժամացույցը ցույց էր տալիս տասից քառորդ պակաս:

– Տասին փակվում ենք, – ասաց բուֆետապանուհին:

Վանյան գլխով արեց: Բուֆետապանուհին նայում էր, թե ինչպես է նա դասագիրքը, տետրն ու գրիչը խցկում պայուսակի մեջ:

– Ամեն ինչ կարգի՞ն է:

– Այո:

– Ուշ է արդեն:

– Ըհը:

– Դասերն էիր անում:

– Այո:

– Ավելի լավ է տանը: Հաստա՞տ ամեն ինչ նորմալ է: Ոչ մի բան չի պատահե՞լ:

– Ամեն ինչ նորմալ է:

– Ո՞ր դասարանում ես սովորում:

– Ութերորդ:

– Իմ տղան իններորդ գնաց:

Նա դեռ ուզում էր ինչ-որ բան ասել, հավանաբար որդու մասին: Բայց լռեց: Նայում էր տղայի հետևից, մինչև նա քարե հատակով գնում էր դեպի դուռը և վերջապես անհետանում դռից դուրս:

«Ոչինչ, – ասաց տղան ինքն իրեն, – վախենալու բան չկա»:

Նա քայլում էր ամայի փողոցով: Երբեմն մուգ թփերի ետևից մեքենա էր անցնում: Տղայի հոգին դատարկ էր: Նա մտածում էր գնալ այնքան, որքան ոտքերն են գնում: Նա ինքն իրեն համոզում էր, որ հետաքրքիր էր անծանոթ քաղաքում անծանոթ փողոցով անցնելը՝ չպատկերացնելով, թե ինչ է սպասվում հաջորդ քայլին:

Փողոցը նրան տարավ մի ամայի խաչմերուկ, որի վրա վառվում էր լուսացույցի դեղին կրակը: Եվ տղան ինչ-որ տեղից գիտեր, որ այս կրակը ո՛չ թույլատրող է և ո՛չ էլ արգելող, այլ զգուշացնող՝․ կարող ես գնալ: Բայց վտանգ կա:

Նա անցավ խաչմերուկը անկյունագծով՝ ամենաերկար գծով: Խաչմերուկ տանող բոլոր ճանապարհներն ամայի էին:

Ամբողջ քաղաքում միայն ես եմ մնացել, – մտածեց տղան:

Հանկարծ նա երաժշտություն լսեց: Եվ այն նրան ծանոթ թվաց: Բայց ոչ այնպես, ինչպես մաթեմատիկան, ոչ այնպես, ինչպես դեղին ազդանշանի իմաստը: Նա չէր հիշում երաժշտության իմաստը: Այն հնչում էր իր նախկին կյանքից, և այդ նախկին կյանքում այն նրա համար ինչ-որ բան էր նշանակում, բայց նա չէր հիշում՝ ինչ: Տղան փորձում էր հասկանալ՝ որտեղից է այն գալիս: Թվաց, որ մոտակա բարձրահարկից: Նա մտավ սիզամարգ, տանն ավելի մոտ եկավ: Երաժշտությունը դադարեց: Նա տեսնում էր պատուհանը, որտեղից այն քիչ առաջ հնչում էր: Երաժշտությունը փոխվեց ինչ-որ հիմար երգի: Տղան շփոթված քարացավ, կարծես խաբված լիներ:

Նա գնաց երկար տան երկայնքով: Տան հետևում կանգնած էր մեկ այլ նմանատիպ տուն, դրա հետևում՝ երրորդը, չորրորդը, հինգերորդը: Եվ արդեն թվում էր, թե նա գնում է նույն տան երկայնքով, որ տունը այդ իրեն բաց չի թողնում: Եվ հանկարծ բաց թողեց: Փողոցն ավարտվում էր ավտոտնակների մութ շարքերում՝ ավտոբուսի կանգառի մոտ:

Կանգառի ծածկի տակ նստարան կար, նա նստեց: Պայուսակում ծխախոտ գտավ: Ճտացրեց կրակայրիչը, նայեց փոքրիկ բոցին: Սկսեց ծխել: Ծխի համը նրան դուր եկավ, և սիրտը նույնիսկ մի քիչ թեթևացավ: Կարծես օտար աշխարհը կես քայլ նահանջեց ծխախոտի մոխրագույն ծխից: Հեռվում մի շուն հաչեց: Ավտոբուս երևաց: Նա գնում էր հակառակ կողմով: Վառ լուսավորված սրահում ուղևորներ չկային:

Ավտոբուսը հասավ ավտոտնակներին ու կանգ առավ: Վարորդը մի փոքր բացեց դուռը, բայց դուրս չեկավ: Սկսեց ծխել: Եվ այդպես, նրանք երկուսն էլ՝ տղան և վարորդը, ծխում էին, և դա դարձնում էր վարորդին տղայի համար մտերիմ, գրեթե ծանոթ: Եվ այդ պատճառով տղան նստեց այս ավտոբուսը, երբ շրջվելով մոտեցավ կանգառին և բացեց դռները:

Տղան պայուսակի մեջ հինգկոպեկանոցը գտավ, գցեց դրամարկղի մեջ, պոկեց տոմսն ու տեղավորվեց պատուհանի մոտ գտնվող հետևի նստարանին:

Խաչմերուկներում լուսացույցները փայլում էին դեղին ոչ արգելող լույսով, ավտոբուսը ցատկում էր ամայի կանգառների վրայով, դմփդմփում էր դարուփոսերի վրա: Բայց կանգառներից մեկում նրան մի քանի հոգի էին սպասում: Ավտոբուսը հավաքեց մարդկանց ու քշեց ավելի հանգիստ, ավելի ուշադիր: Տղան լսում էր, թե ինչպես են հինգկոպեկանոցներն ընկնում դրամարկղի մեջ: Լսում էր ներս մտնողների խոսակցությունը, կռահեց, որ ներկայացումից են վերադառնում: Նրանք ասում էին, որ գլխավոր դերակատարը ծերացել է, և որ նրան այլևս չի կարելի նման դերեր խաղալ, ասում էին, որ կորեց երեկոն: Տղան խղճաց ծերացած դերասանին:

Քառասուն րոպե անց հասան վերջնակետին: Վարորդը հայտարարեց, որ ավտոբուսը գնում է այգի և խնդրեց տղային, ով սրահում կրկին իր հետ միայնակ էր մնացել, դուրս գալ:

Կողպեց դռներն ու սլացավ:

Այստեղ էլ բարձրահարկեր կային, բայց գրեթե բոլորն արդեն քնած, անջատած լուսամուտներով:

Տղան շրջվեց դեպի բակ: Օրորվեց ճռճռացող ճոճանակի վրա: Նա մտածեց, որ նույնիսկ չգիտի, թե ինչ տեսք ունի: Ի՞նչ գույնի են իր աչքերը: Իսկ ի՞նչ է այս քաղաքի անունը: Կանգնեցրեց ճոճանակը:

Նա վեր կացավ և քայլեց դեպի մուտքը: Դուռը ամուր զսպանակի վրա էր, և նա այն պահեց: Նա չէր ուզում ոչ մեկին արթնացնել, ոչ մեկին անհանգստացնել: Այդ պատճառով վերելակ չկանչեց և ոտքով բարձրացավ բետոնե աստիճաններով: Աստիճանավանդակի սև պատուհաններից մեկում նա փորձեց զննել սեփական արտացոլանքը: Դեմքը լրիվ խորթ էր, անծանոթ: Աչքերը՝ սև:

Վերևի հարթակի առաստաղում ձեղնահարկի մուտք կար: Կողպեքը պոկած էր: Տղան պայուսակը գցեց մեջքի հետևը, որ չխանգարի: Կախովի երկաթյա սանդուղքով հասավ մուտքին, ուժեղ հրեց:

Նա բարձրացավ տանիք և սկսեց նայել ներքևի քաղաքին: Հսկա քաղաք, հսկա երկիր, հսկա գիշեր: Նա փոշու մի մասնիկ էր՝ առանց իմաստի և նշանակության: Նա նստած էր երկաթե տանիքին և տանջալիորեն փորձեց գոնե մի բան հիշել իր մասին: Ե՞րբ եմ ես ծնվել: Ովքե՞ր են իմ ծնողները: Ինչո՞ւ եմ ես այստեղ:

Նա ավելի մոտեցավ եզրին: Նայեց հեռու ներքևի սև ասֆալտին: Հոգին դատարկ էր, տանջագին: Նա մտածեց, թե որքան հեշտ է իջնել տանիքից, վերջ տալ տանջանքին: Հանեց պայուսակն ու դրեց ծայրին: Գրե՞լ երկտող: Բայց ո՞ւմ:

Նա նայում էր ներքև, գլուխը պտտվում էր: Հաջող, – ասաց ինքն իրեն՝ անծանոթին: Քայլ արեց ու հիշեց: Հիշեց իրեն: Ամբողջը միանգամից: Անունը, ծնողներին, դեմքը, դասերը դպրոցում: Ոտքը սայթաքեց, բայց նա ետ քաշվեց, պահեց իրեն: Ետ քաշվեց: Երկինքը շողում էր արևելքում: Գիշերը մոտենում էր ավարտին: Վանյան լաց եղավ: Ինչպես երեխա: Նա վերադարձավ: Իր քաղաք, իր մոտ, իր մոլորակ, իր քաղցր հայրենի աշխարհ:

Վանյան այդ փորձի մասին ոչ մեկին չպատմեց:

Հետևանքները մի քանիսն էին: Նա, ով միշտ կաղում էր մաթեմատիկայից, դարձավ առաջինը, սկսեց սիրել խնդիրների վրա գլուխ կոտրել, իսկական հաճույք գտավ դրա մեջ: Երբեմն նա լսում էր երաժշտությունը, որ անհանգստացրել էր իրեն ինքնամոռացության ժամանակ, պատահում էր ռադիոընդունիչով կամ ինչ-որ մեկի պատուհանից էր լսվում: Եվ առաջվա պես նրան թվում էր, որ այս երաժշտությունը իմաստ ունի, որը նա ժամանակին գիտեր, բայց այդպես էլ չհիշեց: Այս երաժշտությունը նրա անգիտակցության կետն էր:

Սուրճ նա չէր չխմում, նույնիսկ դրա հոտից էր փախչում, եթե հանկարծ խանութում զգում էր, անմիջապես դուրս էր գալիս; այն ժամանակ Կիրովի «Չայախ»-ում և Գորկու «Էլիսեյ»-ում սուրճ էին աղում, և նա այնտեղ նույնիսկ չէր մտնում: Հիմա նրանց տանն էլ էին սուրճ աղում, մայրը փորձեց ու հավանեց, բայց փորձում էր ոչ նրա մոտ: Նա բացատրում էր, որ ալերգիայի պես մի բան ունի՝ նույնիսկ հոտից՝ գլխացավեր: Մայրը օդափոխում էր խոհանոցը՝ իրեն չանհանգստացնելու համար: Մոր համար ավելի զարմանալի էր, որ նա ամեն ինչ գիտեր սուրճի մասին՝ ծագումը, պատրաստման եղանակները, հատկությունները, քիմիական բաղադրությունը, նույնիսկ բանաստեղծություններ, միայն եթե սուրճը սևանում էր դրանց մեջ, եթե սուրճի հատիկ կար դրանց մեջ, եթե գոնե մի տող հագեցած էր սուրճի հոտով, նա մտքում պահում էր այդ տողերը: Ինչի՞ համար, – զարմանում էր մայրը: Հայրը բացատրում էր, որ հենց այդպես էլ լինում է: Երբ ինչ-որ բան չեն կարող զգալ, ճաշակել, առանց դրա չեն կարող ապրել, բայց շատ են ուզում, գոնե փորձում են լրացնել նկարագրությամբ, ուրիշների պատմություններով, ովքեր կարողացել են առանց դրա: Փորձում են մերձենալ ուրիշի փորձով:

Հայրիկը ճիշտ էր, այդպես իսկապես լինում է, բայց ոչ Վանյայի դեպքում:

Վանյան իր փորձի բացատրությունն էր փնտրում: Փնտրում էր մեկին, ով նման բան է ապրել և կարողացել է բացատրել, մեկնաբանել: Փնտրում էր, բայց չէր գտնում: